Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չարաշահում  է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները՝ արգելելով զինծառայողներին մասնակցել  արտերկրում անցկացվող զորավարժություններին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն՝ մեկնաբանելով սեպտեմբերի 8-ին պետության ղեկավարի կնքած հրամանագիրը, որն արգելում է առանց նրա նախնական համաձայնության, մոլդովացի զինծառայողներին արտասահման ուղարկել։

 «Նախագահը չարաշահում է իր լիազորությունները՝ արգելելով մեր զինծառայողներին մասնակցել արտերկրում անցկացվող զորավարժություններն։ Նա նաև սխալ է ընկալում գլխավոր հրամանատարի իր պարտականությունները։ Մենք դա կքննարկենք երկրի անվտանգության վերին խորհրդի՝ առաջիկայում անցկացվելիք նիստի ժամանակ»,– ասել է խոսնակը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է եւ ղեկավարում է խորհրդարանի եվրոպամետ կոալիցիան, տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։

Դոդոնը ստորագրել էր հրամանագիրն այն բանից հետո, երբ կառավարությունը, դեմ գնալով նրա արգելքին, մոլդովական կոնտինգենտ էր  ուղարկել Ուկրաինա՝  ՆԱՏՕ–ի Rapid Trident զորավարժություններին մասնակցելու համար։