Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Համաշխարհային բանկի հետ սերտ եւ շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարվա ընթացքում ՀԲ աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժամանակակից ինստիտուտների ձեւավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում եւ առաջընթաց: 2014 թվականից մենք թեւակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել եւ իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին եւ արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, որը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում եւ էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաեւ Հայաստանի գործընկերների կողմից եւ գոհունակությամբ փաստել, որ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:



























