Հայաստանը ավելի քան 20 տարում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնից Ադրբեջանից տասնյակ անգամ շատ գիտական դրամաշնորհներ է ստացել։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում ասել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկիրը ԱՊՀ–ում ՄԳՏԿ ֆինանսավորման ծավալով երրորդն է։ «Ավելի քան 20 տարվա ընթացքում Հայաստանի ներկայացրած նախագծերի միայն անունները մի քանի տասնյակ էջ կլրացնի։ Իսկ, օրինակ, Ադրբեջանում այդ թիվն առավելագույնը 2-3 է»,– հավելեց Հարությունյանը։

Ընդհանուր առմամբ ՄԳՏԿ Խորհուրդն այս տարիներին Հայաստանից ներկայացրած մոտ 170 նախագծի է հավանություն տվել, որոնցում ներգրավված է մոտ 1700 գիտնական։

ԳՏՄԿ-ն գործում է 1992 թվականից, այս ընթացքում այն Հայաստանում ֆինանսավորել է տասնյակ գիտական ծրագրեր: Կենտրոնի անդամներն են Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Նորվեգիան, ինչպես նաեւ Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: