Արտասահմանում երիտասարդ գիտնականներին 5-10 հազար դոլար աշխատավարձ են առաջարկում, եւ նրանք էլ հեռանում են։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ 

Նրա հավաստմամբ՝ պետությունը որքան կարողանում է, աջակցում է երիտասարդությանը, այդ թվում՝ գիտության ոլորտում։ Սակայն ուղեղների արտահոսքը միայն Հայաստանի խնդիրը չէ։ Նույնիսկ զարգացած երկրներում երիտասարդ գիտնականները, ինչ-որ մակարդակի հասնելով, ԱՄՆ են մեկնում։ «Մեր սուղ միջոցներով մենք փորձում ենք հնարավորինս աջակցել երիտասարդ գիտնականներին։ Տարեկան 50 ամենաակտիվ երիտասարդ գիտնականներ ամսական 75 հազար դրամ (մոտ 155 դոլար) հավելավճար են ստանում»,-հավելեց Հարությունյանը։

Բացի այդ, պետությունը չի ընդունում այն գիտական ծրագրերի ֆինանսավորման հայտերը, որոնցում մինչեւ 35 տարեկան անձինք չկան։