Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել Հյուսիսային Կորեայի վրա ճնշման սաստկացումը՝ վերջին միջուկային փորձարկումների հետ կապված, փոխանցում է Reuters-ը։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը հայտարարել է, որ Բեռլինը նախկինի պես պատրաստ է աջակցել ճգնաժամից խաղաղությամբ դուրս գալու քննարկումներին՝ նշելով, որ Գերմանիան այն քիչ երկրներից է, որը Փհենյանի հետ պահպանում է դիվանագիտական հարաբերությունները։

Հյուսիսային Կորեայի հարցը Մերկելն արդեն քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Մուն Ջեինի հետ։ Մերկելը տվյալ հարցի շուրջ խոսել է նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ եւ հեռախոսազրույց ծրագրել Պուտինի հետ։