Ս-400 ռուսական զենիթահրթիռային  համակարգերի մատակարարումը Թուրքիայի կիրականացվի երկու տարվա ընթացքում: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնեց զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի (ԶՀԱՎԿ) նախագահ Իգոր Կորոտչենկոն:

«Ենթադրում եմ, որ պայմանագիրը կիրականացվի բավական սեղմ ժամկետներում, բացառապես բարձր որակով, եւ Թուրքիան լուրջ զենք կստանա իր զինանոց, որը հնարավորություն կտա լուծել ինչպես հակաօդային, այնպես էլ հակահրթիռային պաշտպանության խնդիրներ՝ հրթիռների օպերատիվ-տակտիկական հակազդման մասով...Ամեն դեպքում, դատելով արտահանման համանման փորձից, Ս-400  ԶՀՀ արտադրության ցիկլը, որպես կանոն, երկու տարի է»,-ասաց Կորոտչենկոն:

Դրա հետ մեկտեղ պայմանագրի քննարկման ժամանակ փորձագետը նշեց պայմանագրի կնքումը խափանելու նպատակով ԱՄՆ- ի եւ ՆԱՏՕ-ի կողմից գործադրվող ճնշումը Թուրքիայի վրա: Փորձագետը նշել է. «Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահ Էրդողանը ցույց տվեց, որ Անկարայի հասցեին ուղղված ոչ մի պարտադրանք, ազդեցություն, սպառնալիք չի գործում»:

Կորոտչենկոյի կարծիքով Ս-400 ԶՀՀ–ի կազմում ՆԱՏՕ-ի պետական ճանաչման համակարգերի ինտեգրումը նույնպես խնդիրներ չի առաջացնի. «Ինչ վերաբերում է «հարազատ-օտար» համատեղելիությանը, որն  օգտագործում է ՆԱՏՕ-ի ավիացիան, այստեղ նույնպես խնդիրներ չեն լինի: Նախկինում՝ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագրերի իրականացման ընթացքում,  ՆԱՏՕ-ի պետական ճանաչման համակարգերի ինտեգրում իրականացվել է»:

Փորձագետը նույնքան բարձր է գնահատել նաեւ Թուրքիային հակաօդային համակարգերի մատակարարման մասին հետագա հնարավոր պայմանագրերի իրականացման Ռուսաստանի հնարավորությունները։