ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը:
ԲՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես ներկա էր ստորագրման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում նշել է. «Այս միջոցառմամբ փաստում ենք այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մեղմման գործընթացը համախմբում է բոլորին: Մեր անտառային տարածքներում, տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում արձանագրված հրդեհները միավորել են միջազգային ջանքերը` պայքարելու նման աղետների դեմ:
Ասվածի համատեքստում, լիովին օրինաչափ է, որ ներկայում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության եւ կանաչ տարածքների պահպանությունը, որ առաջին հերթին մեր կառավարության հիմնական գերակայություններից է, դառնում է նաեւ այսպիսի տեխնիկական աջակցության հիմք»:
Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը տրամադրած աջակցության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին` այս եւ նման այլ բնապահպանական ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար` բնապահպանության նախարարը ներկայացրել է ծրագրի հիմնական բաղադրիչները:
Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը եւ կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման եւ մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաեւ հստակեցնել համապատասխան կառույցների դերերը եւ պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար:
Ծրագիրը նաեւ ազգային եւ տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ եւ տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող եւ անվնաս անտառների ու դաշտերի միջեւ խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը եւ հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու եւ ճնշելու համար, ինչպես նաեւ պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Ծրագրի շրջանակներում կաջակցվեն եւ կխրախուսվեն անտառային եւ դաշտային հրդեհների մեղմանն ու կանխմանն ուղղված այլընտրնաքային ձեռներեցությունը եւ նորարարական մոտեցումները:
Արծվիկ Մինասյանը կարեւորել է հատկապես վաղ հայտնաբերման եւ հակահրդեհային միջոցառումների իրականացման նորարարական մոտեցումները: Ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորություն կտան լիազոր կառույցներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգված ներգրավվել աղետների կանխարգելման եւ վերացման գործընթացին: Մեկնարկող ծրագիրը կլրացնի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով արդեն իսկ իրականացվող Հայաստանի անտառկառավարման բարելավմանն ուղղված ծրագրերը:
Խոսքի ավարտին Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, կառույցներին, կազմակերպություններին եւ անհատներին` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար, մասնավորապես ՌԴ-ին` Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու եւ ինքնաթիռ տրամադրելու համար, եւ ԱՄՆ-ին` այրված տարածքների վերականգնողական գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:



























