«Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շարունակվել են հարցաքննվել մի խումբ վկաներ:
Վկաներից մեկը՝ «Կամբատ» մականունով Արմեն Մովսիսյանը դատարանում պատմեց, որ ամբաստանյալներ Արթուր Վարդանյանը եւ Նելլի Մինասյանն իրենից գնել են համազգեստ եւ աքսեսուարներ՝ շուրջ 2 մլն դրամ: Մասնավորապես, ըստ վկայի, գնել են ձեռնոցներ, դիմակներ, 10-15 հատ համազգեստ «հատուկ գումարտակ» նշումով:
«Նրանք ասացին, որ դրանք առնում են ֆիլմ նկարահանելու նպատակով, եթե չեմ սխալվում, հայրենասիրական ֆիլմ էին նկարելու»,- ասաց «Կամբատը»՝ նշելով, որ իրենից շատ հաճախ են նման համազգեստ գնում ֆիլմեր եւ տեսահոլովակներ նկարահանելու համար
Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել։




























