Նոր ուսումնական տարվանից Վրաստանի պետական դպրոցների աշակերտները ճաշի ընդմիջում կունենան: Այս մասին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, հաղորդում է Jnews.ge-ն: 

Վրաստանի Կրթության նախարարությունը դպրոցներում սննդի չափանիշների բարելավման նախագծի շրջանակներում կսկսի աշակերտներին խնձոր բաժանել: Սակայն, այս ծրագիրը վերաբերում է միայն մայրաքաղաքի դպրոցներում սովորող աշակերտներին: Ըստ Ջեջելավայի, երեխաները կստանան մրգեր մեծ դասամիջոցին:

«Մենք վերադարձնում ենք մեծ դասամիջոցը, որը վերջերս կրճատվել էր: Մենք այս որոշումը կայացրել ենք, որպեսզի երեխաները հանգիստ կարողանան ուտել: Մեծ դասամիջոցի ժամանակ մենք կբաժանենք խնձոր, յուրաքանչյուր աշակերտ կստանա մի խնձոր», – հայտարարել է նախարարը:

Կրթության նախարարության ղեկավարը նաեւ նշել է, որ նախագծի իրականացման ընթացքում վարչությունը բժիշկների հետ խորհրդակցություններ է անցկացրել: Փորձագետները խորհուրդ են տվել, աշակերտներին առաջարկել հենց խնձոր, քանի որ այս միրգը հիպոալերգիկ է եւ բացարձակապես օգտակար է բոլոր երեխաների համար:

Խնձորի բաշխման ծրագիրը Կրթության նախարարության կողմից իրականացվող «Առողջ կյանքի կանոններ» լայնամասշտաբ նախագծի մի մասն է: Վարչությունը լրջորեն անհանգստացած է դպրոցների սննդի չափանիշներով եւ սկսել է ճաշարաններին առողջ սնունդով ապահովելու աշխատանքը այս տարվա մայիսին: Այդ նպատակով Կրթության նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Գյուղատնտեսության նախարարության եւ Առողջապահության նախարարության հետ:

Այս տարի վրացական դպրոցների ճաշարաններում կարգելվի վաճառել շոկոլադ, գազային խմիչքներ եւ այլ ապրանքներ, որոնք, ըստ փորձագետների, վնասում են պատանիների առողջությունը: