Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 9-ի նիստում հաստատել է «Նոտարիատի մասին» եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանցում հստակեցվում են նոտարի կարգավիճակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս առնչությամբ ասաց, որ  մեր հանրությունը դժգոհ է նոտարների աշխատանքից, ոլորտը վերածվել է փակ համակարգի, խոչընդոտվում է նոր կադրերի մուտքը։ Ըստ վարչապետի՝ ներկայացված նախագծերը ազատականացնում են նոտարական գործառույթները։

Ներկայումս գրանցված են դեպքեր, երբ պաշտոնատար անձինք մերժում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի ընդունումը։ Նշված խնդիրը կարգավորելու համար նախագծով հստակ սահմանվում է, որ նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված կամ տրված փաuտաթուղթն ունի oրենքով նախատեuված հանրային հեղինակություն եւ լիարժեք ապացուցողական ուժ։ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք որեւէ հիմքով   իրավունք չունեն չընդունել  կամ մերժել նոտարական ակտը, ինչպես նաեւ մերժել կամ հրաժարվել  կատարել նոտարական ակտի կամ դրանից բխող պահանջները։  Նոտարական ակտից բխող պահանջը չկատարելուն ուղղված ցանկացած վարչական ակտ անվավեր է։

Մի շարք նոտարական գրասենյակներում նոտարական գործարքները կատարվում են կողմնակի անձանց ներկայությամբ, սակայն նոտարական գործարքները իրենց բնույթով կարող են պարունակել անձնական, ընտանեկան կամ այլ գաղտնիքներ։  Նախագծով սահմանվել է, որ նոտարական գործողությունները կատարվում են դռնփակ։ Նոտարական գործողությունների կատարմանն  իրավունք ունեն մասնակցել կամ ներկա գտնվել նոտարական գործողությունների համար դիմած անձինք կամ նրանց ներկայացուցիչները, նոտարի օգնականը կամ ստաժորը, օրենքով նախատեսված դեպքերում՝ թարգմանիչը կամ վկաներ։ Այլ անձինք իրավունք չունեն մասնակցել կամ ներկա  գտնվել նոտարական գործողությունների կատարմանը։ Նոտարն իրավունք չունի սկսել կամ իրականացնել նոտարական գործողություններ առանց ապահովելու սույն մասի պահանջը։ Սույն պահանջի խախտումն առաջացնելու է նոտարի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն։