Հայաստանի 2011-ի բյուջեով գիտության ոլորտին նախատեսված հատկացումները ակնհայտորեն  էական փոփոխությունների չեն հանգեցնի այդ ոլորտում: Նախատեսված է գիտնականների աշխատավարձերի 9 տոկոսով, կամ ընդամենը 5000 դրամով  բարձրացում: Գիտական աշխատողներին տրվող հավելավճարները բյուջեում թողված են անփոփոխ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ  Ռուզան Առաքելյանը: Ըստ նրա, վերջին 10 տարում 28 հազար գիտաշխատողներից 7500-ն է միայն աշխատում գիտահետազոտական կենտրոններում: «Գիտության ոլորտը ազգային անվտանգության խնդիր է, մինչդեռ,  վիճակագրական տվյալներով տեսնում ենք, որ  սոցիալական խնդիրների պատճառով թողնում են ոլորտը` տեղափոխվելով այլ աշխատանքի կամ արտագաղթում են` մանավանդ երիտասարդները»,-նշեց Ռ. Առաքելյանը:

«Գիտական եւ գիտական գործունեության մասին օրինագծում առանձնացնում ենք գիտության ոլորտը, մինչդեռ, մենք ունենք նաեւ այլ ոլորտներում աշխատողներ` մշակույթ, առողջապահություն եւ այլն: Դրա ընդունումը պարզապես անարդարացի կլինի մյուսների հանդեպ»,-ընդգծեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը` հավելելով, որ 2011-ի բյուջեում 1 մլրդ 100 մլն դրամով ավելացրել է գիտության ուղղվող գումարը:

Ռ. Առաքելյանի խոսքով, կառավարությունը որպես օրենքի նախագծի մերժման հիմնավորում պատճառաբանել է 700 մլն դոլլարի բացակայությունը. «Գիտությունն է, որ երկրին զարգացման հեռանկարներ է ապահովում, իսկ 700 մլն դոլարի հատկացումը մի մեծ գումար չէր»,-նկատեց ՀՅԴ-ի ներկայացուցիչը` ընդգծելով, որ

եթե գիտատեխնիկական ու գիտելիքահենք տնտեսություն ենք ուզում ունենալ` պետք է դրան խթանող հանգամանքներ լինեն: