ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 21-ին, դատարանում պետք է ցուցմունք տար մեղադրայլ Հարություն Հովհաննիսյանը: Սակայն, նա հրաժարվեց ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց:
Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Հարություն Հովհաննիսյանը նախաքննության ժամանակ եւս մի քանի անգամ հրաժարվել է ցուցմունք տալուց, այնուհետեւ նա ասել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ զինված խմբի հետ որեւէ առնչություն չունի:
Նա պատմել է, որ հանգուցյալ հոր ավտոմեքենայից գտել է մի քանի տեսակի զենք` ինքնաձիգ, մարտական եւ ուսումնական նռնակներ: Նա վախեցել է եւ չի ներկայացրել իրավապահ մարմիններին: Այնուհետեւ հանդիպել է Անուշավան Ավետիսյանին եւ առաջարկել վաճառել դրանք 3 հազար դոլարով: Թե ինչ նապատակով է Անուշավանը նրանից գնել զենքը, տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























