Վանաձորում, այսօր՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան քաղաքի բնակիչները կենտրոնական՝ Տիգրան Մեծ պողոտայի գլխավերեւում կախված տեսան դրոշի՝ կապույտ-սպիտակ-կարմիր գույներով դրոշակները: Տարածքի լուսանկարն անմիջապես հայտնվեց Facebook սոցիալական ցանցում: Օգտատերերից մեկը հրապարակելով նկարը, գրել է. «...Վստահ եմ, որ ընկեներիցս կասեն, էս ի՞նչ առիթ է, ի՞նչի առթիվ է: Ռուսաստանի դրոշը պատահակա՞ն է մեր գլխի վերեւ կախված»:
Այս առնչությամբ Վանաձորի քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց գլխավոր պողոտայի վրա եռագույնի տեղադրումը. «Նախ եթե պատկերասրահի մոտից ենք գալիս, դա Ֆրանսիայի դրոշն է: Երկրորդը՝ լինելու է ՌԴ-ի դրոշը նաեւ: Առջեւում Վանաձորի օրն է՝ հոկտեմբերի 7-ին: Ու մենք որ երկրից քույր քաղաք ունենք, այդ երկրների դրոշներով ու նաեւ իրենց կուլտուրայով քաղաքի տարբեր հատվածներում այդպես ձեւավորելու ենք: Այսինքն, միայն դա չի կախված լինելու: Պատկերասրահի մոտ մի երկրինը կլինի, Արցախի պուրակի մոտ, օրինակ, Վրաստանինը, մի տեղ՝ Բելառուսինը: Մեր քույր քաղաքներից ամենահինը Բանյոն է, դրա համար Ֆրանսիայի դրոշով ենք սկսում:
Վանաձորն ունի թվով 8 քույր քաղաքներ, հետեւաբար, կկախվեն այդ քաղաքները ներկայացնող բոլոր երկրների դրոշները»:
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը եւս դեմ չէ, որ Վանաձորի քույր քաղաքները ներկայացնող երկրների դրոշները կախվեն. «Առանձնապես խնդիր չեմ տեսնում դրա մեջ, եթե իհարկե բոլոր երկրները հավասարապես ներկայացված լինեն, իսկ տոնելու ձեւաչափն իրենք են որոշում»,-ասաց ավագանու անդամը, առավել կարեւորելով քաղաքի օրվա տոնախմբության հետ կախված ծախսերի բաշխման գործընթացն ու արդյունավետությունը, ինչին, ըստ նրա, հետեւողական են լինելու:




























