Կրթության եւ գիտության նախարարությունը համագործակցում է Գերմանիայի հետ հայկական դպրոցների մեկում գերմանական ԲՈՒՀ–երի չափանիշներին համապատասխան՝ գերմաներեն ուսուցանելու համար։ Այս մասին սեպտեմբերի 27-ին՝ «Երեք երկիր մեկ լեզու» թեմայով ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Նշենք, որ «Երեք երկիր մեկ լեզու» ծրագրի շրջանակում, որին մասնակցում են գերմանախոս երեք պետությունների ներկայացուցչությունները Հայաստանում (Գերմանիա, Շվեյցարիա եւ Ավստրիա), սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը կընթանան 19 տարբեր միջոցառումներ՝ գրքի ընթերցումներ, ցուցահանդեսներ, ֆիլմեր, թատերախաղեր։
«Գերմաներենը եղել եւ մնում է գրավիչ լեզու։ Այն համաշխարհային նշանակության լեզու է։ Եվրոպայում այն ռուսերենից հետո երկրորդ լեզուն է, որով ամենաշատն են խոսում՝ որպես մայրենի լեզու։ Հայաստանում այն դեռեւս խորհրդային շրջանից լավ ավանդույթներ ունի, այդ միտումը շարունակվում է նաեւ այսօր։ Մենք, բնականաբար, չենք կարող բոլոր դպրոցներին աջակցել, որտեղ գերմաներեն են դասավանդում, սակայն Գյոթեի ինստիտուտն այսօր Հայաստանում աջակցում է 7 դպրոցի։ Մենք սերտորեն համագործակցում ենք ԿԳՆ–ի հետ, որպեսզի Հայաստանում դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծենք գերմաներենի այնպիսի ուսուցման մակարդակ, որով այդ դպրոցի շրջանավարտները կկարողանան կրթություն ստանալ գերմանական ԲՈՒՀ–երում։




























