2017 թվականի մայիսին անցկացված հարցման արդյունքներով, Հայաստանում ԵՄ-ի կողմնակիցները կազմել են հարցվածների 33 տոկոսը, իսկ ԵՏՄ-ի կողմնակիցները՝ 32 տոկոսը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արեւմուտք դիրքորոշումներ» հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով, նման հարցումներ իրենք անցկացրել են 2014-ից սկսած ամեն տարի: «Հարցման սխալանքը 2,8 տոկոս է կազմում, ընդգրկված են բոլոր մարզերը եւ Երեւանը: Այս տարի այն անցկացվել է մայիսին»,-ասաց նա:

Ռուգեն Սարգսյանը նշեց, որ հարցվածների 12 տոկոսը նշել է, որ կողմ են միաժամանակ եւ ԵՄ անդամակցությանը, եւ ԵՏՄ անդամակցությունը, եւս 10 տոկոսը դեմ է եղել անդամակցությանը երկուսին էլ, իսկ 12 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Նույն հարցի վերաբերյալ 2016-ին եղել են հետեւյալ արդյունքները. ԵՄ-ի կողմնակիցներ՝ 41 տոկոս, ԵՏՄ կողմնակիցներ՝ 25 տոկոս:

«2014-ից սկսած եթե դինամիկան նայենք, ԵՄ կողմնակիցների թիվն աճում է, իսկ ԵՏՄ կողմնակիցների թիվը՝ նվազում: Եթե 2014-ին ԵՏՄ կողմնակիցները կազմել են հարցվածների 38 տոկոսը, ապա 2017-ին՝ 32 տոկոս: Մեր կարծիքով 2016-ին ԵՏՄ կողմնակիցների նվազումը կապված է ապրիլյան պատերազմի եւ դրանում Ռուսաստանի ներգրավվածության, մասնավորապես Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու հետ»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցման ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի կողմնակիցներին, նա ընդգծեց, որ ԵՄ-ի կողմնակիցները հիմնականում 18-40 տարեկան են, մեծամասնությունը՝ կանայք, հիմնականում քաղաքային բնակչությունը եւ 150 հազար դրամից ավելի եկամուտ ունեցողներն են ԵՄ կողմնակից. «Իսկ ահա ԵՏՄ-ի կողմնակիցները 45 տարեկանից բարձր տարիք ունեցողներն են, հիմնականում՝ տղամարդիկ, հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները եւ մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ունեցողները: Մեր կարծիքով գյուղական բնակավայրերի բնակիչների՝ ԵՏՄ-ին կողմ լինելու պատճառը արտագնա աշխատանքներն են, հիմնականում Ռուսաստան»: