Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք եւ համոզված ենք, որ ՀՀ-ն ԵՏՄ-ում անելիք չունի եւ ԵՏՄ-ին անդամակցությունը լուրջ սպառնալիքներ է ստեղծել տնտեսական, ռազմաքաղաքական եւ քաղաքական անվտանգության համար: Վերջին տարիները հիմնավորել են այս պնդումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, այսօր թաքցվում է այն փաստը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը նույնիսկ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալների զգալի անկում է ունեցել. «Ուզում եմ նշել մի շարք կարեւոր առանձնահատկություն եւս. տնտեսական միության գոյության բացակայության հանգամանք: 2015-2016թթ. ՀՀ-ն ԵՏՄ-ի անդամ Ղազախստանի հետ ունեցել է 4 մլն եւ 6 մլն դոլարի առեւտրի շրջանառություն, Բելառուսի հետ՝ 32 մլն եւ 37 մլն դոլար, իսկ Ղրղզստանի մասին նույնիսկ խոսք չկա: Միեւնույն ժամանակ նշեմ, որ Թուրքիայի հետ առեւտրային շրջանառությունը 164 մլն դոլար է: Այսինքն Ղազախստանի ցուցանիշին գերազանցում է 40 անգամ: Ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են արձանագրվում»:

Ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը վտանգ է նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԵՏՄ-ին անդամագրվելիս իշխանություններն ասում էին՝ անվտանգության նկատառումներից ելնելով են ԵՏՄ-ին անդամագրվում:

«Սակայն, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայկական կողմը Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում ունեցել է տարածքային լրջագույն խնդիրներ, եւ լրջագույն կասկածներ կան, որ այդ պատերազմի պայմանները քննարկել եւ համաձայնեցրել է ԵՏՄ մեր գործընկերների հետ: Ուղիղ փաստեր կան, որ ԵՏՄ որոշ գործընկերներ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք են արտահայտել: Նույն Ղազախստանն ու Բելառուսն ավելի խորը քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանի դեպքում էլ պետք է խորը վերլուծենք եւ հասկանանք՝ ում է ռազմավարական գործընկեր, ում՝ ոչ»,- ասաց նա:

Իր ելույթի վերջում Փաշինյանն ընդգծեց, որ այս հարցի վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ հրավիրել: