Եվրասիական տնտեսական միության կազմից Հայաստանի դուրս գալու մասին առաջարկը սխալ է: Սեպտեմբերի 27-ին այս մասին նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության վերաբերյալ լսումներում:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ը միայն տնտեսությանը չի առնչվում: «Մենք ի սկզբան ասում էինք, որ հարցի քննարկումն օգտակար գործ է. սա հնարավորություն է, որ ինքներս գնահատենք, թե ուր ենք հասել: Այս տեսակետից «Ելք» դաշինքի նախաձեռնությունն օգտակար է: Լավ փաստարկներ են ներկայացվել, որոնք մենք կարող ենք ներկայացնել ԵՏՄ գործընկերներին, հատկապես Ղազախստանին ու Բելառուսին, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում, մեղմ ասած, տարօրինակ պահվածք են դրսեւորել»,- նշեց Ռուստամյանը՝ շարունակելով, թե հարցն այն է՝ արդյոք սա բավակա՞ն է, որպեսզի ռազմավարական շրջադարձ կատարվի անվտանգության տեսակետից: «Տնտեսությունը գերտերությունների ձեռքին գործիք է մյուս երկրների վրա ներգործելու համար: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն միայն տնեսություն չէ: Եվ ելնելով անվտանգության նկատառումներից՝ պետք է ռազմաքաղաքական հավասարակշռության,  Հայաստանին Ռուսասանի ռազմական աջակցության  ցուցանիշները կոնկրետ թվերով ներկայացնել: Եվ մենք կտեսնենք, որ այս թվերը ավելի մեծ են»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշներն անչափ կարեւոր են: «Տնտեսության զարգացումը չի կարող ինքնանպատակ լինել: Կարելի է բավարարել Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները, սահմանները բացել եւ սկսել տնտեսությունը զարգացնել: Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչն ինչի հետ ենք փոխանակում»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման նախաշեմին: «Համաձայնագիրը ստորագրելու Եվրամիության պատրաստակամությունն այն մասին է վկայում, որ այլեւս չկա «կամ-կամ» տրամաբանությունը: Ինչո՞ւ ենք ինքներս սադրում»,- հարց հնչեցրեց Արմեն Ռուստամյանը: