Եվրասիական տնտեսական միությունը ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության մակարդակի նվազման հետ: Սեպտեմբերի 27-ին այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ելույթ ունենալով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության վերաբերյալ լսումներում:

«Մենք միանշանակ կողմ ենք հարցի քննարկմանը, սակայն միաժամանակ պետք է ասեմ, որ ես սպասում էի, թե կներկայացվեն ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ ծանրակշիռ հիմնավորումներ: Այստեղ ներկայացված հիմնավորումները, հատկապես տնտեսական բնույթի, ինձ չբավարարեցին»,- նշեց Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը: «ԵՏՄ-ն սրա հետ ոչ մի կապ չունի: 4-5 տարի առաջ Թուրքիայի հետ 300 մլն դոլարի ապրանքաշրջանառություն ունեինք: Այո՛, դուք իրավացի եք, այս ցուցանիշն այսօր նվազել է մինչեւ 164 մլն դոլար: Բայց ԵՏՄ-ն սրան ոչ մի առնչություն չունի»,- շեշտեց Միքայել Մելքումյանը: