Թուրքիան Իրաքի Քուրդիստանի հետ ռազմական առճակատման չի գնա, քանի որ այնտեղ ամերիկայն 5 բազաներ են տեղակայված: Սեպտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց փորձագետ Արեն Հովհաննիսյանը:
Բացի այդ, փորձագետի խոսքով՝ դա կարող է լուրջ հարված լինել Թուրքիայի տնտեսական շահերին։ «Չնայած Էրդողանի բազմաթիվ հայտարարություններին, թե իրենք պատրաստ են փակել սահմանը, եւ անհրաժեշտության դեպքում, ռազմական ճնշում կգործադրեն, Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն այսօր առավոտյան հայտարարություն արեց, որում բացահայտորեն քննադատեց Էրդողանի դիրքորոշումը»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ էության՝ փորձագետի կարծիքով ստացվում է այնպես, որ Թուրքիայի վերին ղեկավարությունն ասում է մի բան, իսկ ավելի ցածր պաշտոնյաները՝ այլ՝ կոչ անելով զսպվածություն ու ողջամտություն ցուցաբերել։




























