Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հայրենիքում հեռակա 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել, ԱՄԷ-ում՝ Դուբայում է թաքնվել: Ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Փրայութ Չան Օչան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ ոստիկանությունն իր գործողությունները կհամակարգի ԱԳ նախարարության եւ Ինտերպոլի հետ»,- ասել է նա: «Նա Դուբայում է»,- հաստատել է Չան Օչան:
Թաիլանդի Գերագույն դատարանը նախկին վարչապետ Չինավաթին մեղավոր էր ճանաչել գյուղացիներից բրնձի գրավադրմամբ գնման պետական ծրագրի իրականացման ժամանակ անփութության մեջ եւ նրան 5 տարվա ազատազրկման էր դատապարտել: Թաիլանդի նոր սահմանադրության համաձայն՝ Չինավաթը դատավճիռը բողոքարկելու իրավունք ունի 30 օրվա ընթացքում:




























