Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաեւ Եվրամիությունը, եւ նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության եւ բազմազանության, շարունակական պահպանության կարեւորությունը:
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են «Ժառանգությունը եւ բնությունը» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Է. Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգում եւ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ՀՀ մշակույթի եւ բնապահպանության նախարարությունների եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ մշակութային ծրագրով:
Հայաստանում եւ Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաեւ զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, աստղադիտումներ, ծառատունկ, քայլարշավներ դեպի բնության եւ մշակույթի բացառիկ հուշարձաններ:
Այս տարի եւս մի շարք միջոցառումներ կնվիրվեն «Մշակութային ժառանգության կարեւորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային (Ֆարո), դրա սկզբունքներին ու կիրարկմանը, կկազմակերպվեն մշակութային զբոսանքներ Երեւանում, Գյումրիում, Գորիսում եւ Դիլիջանում, որոնք նորովի կբացահայտեն պատմական քաղաքների հսկայական ժառանգությունը եւ դերը համայնքների բնակչության համար` որպես սոցիալ-տնտեսական կարեւոր ռեսուրսի:
Միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարեւորվել է մշակութային եւ բնության ժառանգության պահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը եւ երիտասարդության ներգրավվածությունը:




























