ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադիր եւ նախագահ Իլյա Լաուրսին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2013-ին հիմնված այս ֆոնդը օգնում է ՏՏ ոլորտի նորաստեղծ ստարտափներին` իրագործելու իրենց նորարարական գաղափարները` տրամադրելով ոչ միայն ֆինանսական, այլեւ մենթորային-խորհրդատվական աջակցություն։
Նախարարը, ողջունելով հյուրին, աջակցություն հայտնեց Հայաստան այցի ընթացքում թիրախային հանդիպումներ կազմակերպելու եւ գործարար կապեր հաստատելու հարցում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իլյա Լաուրսը նշեց, որ Լիտվայի հայ համայնքից լսել են Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողությունների մասին, եւ շատ հետաքրքրված են` անձամբ ծանոթանալու հայկական տեխնոլոգիական միջավայրին, ստարտափների համար ձեւավորված էկոհամակարգին։
Մասնակցել են նաեւ «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին, իսկ սեպտեմբերի 29-ին այցելելու են «ԴիջիԹեք Էքսպո 2017» ցուցահանդես` ավելի ընդհանուր պատկերացում կազմելու, թե ինչով են զբաղվում Հայաստանի ՏՏ ընկերությունները եւ ինչպիսի փոխգործակցության եզրեր է հնարավոր գտնել։
Նախատեսում են այցեր ՏՏ ոլորտին առնչվող ֆակուլտետներ ունեցող բուհեր, որոնց հետ համագործակցությամբ եւս հետաքրքրված են։




























