Ոստիկանությունն իր վերահսկողության տակ է վերցրել քվեատուփերը, որոնք Բարսելոնի քաղաքապետարանի տրամադրության տակ էին, որպեսզի դրանք չօգտագործվեն Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար, հայտնում է Europa Press-ը:

Քվեատուփերը պահվել են սովորական ընտրական գործընթացների համար: Իրավապահ մարմինները կատարում են դատախազության որոշումը:

Իսպանիայի կազմից Կատալոնիայի անկախացման հանրաքվեն նշանակված է հոկտեմբերի 1-ին: Ավելի վաղ ինքնավարության խորհրդարանը հավանություն է տվել հանրաքվեի մասին 2 օրինագծերի, որոնցից առաջինով անկախության հանրաքվեն անցկացնելու իրավական հիմք է ստեղծվում, երկրորդով հաղթելու դեպքում կարգավորվում է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործընթացը:

Մադրիդը 2 օրենքն էլ ապօրինի է համարում, հանրաքվեն՝ եւս: Իսպանիայի իշխանությունները հավաստիացնում են, որ հանրաքվեն տեղի չի ունենա, սակայն Կատալոնիայի կառավարությունը համոզված է, որ այն կկայանա: