Մայրական կապիտալը ստանալու ընթացակարգը պետք է դյուրացնել: Այս մասին կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ առաջին 2 երեխաների ծնվելու միանվագ նպաստի հայտարարությունը կարելի է օնլայն ներկայացնել: Գումարը մեծ չէ (50 հազար դրամ), եւ այս դեպքում սոցապահովության աշխատողները սխալվելուց չեն վախենում: Իսկ 3-րդ երեխայից սկսած գումարն արդեն այլ կարգի է (1 մլն 3-րդ եւ 4-րդ երեխայի համար, 1,5-ական մլն հաջորդ երեխաների համար): Այս դեպքում պահանջում են անձամբ ստուգման ներկայանալ:
«Այսուհանդերձ, այստեղ էլ թվայնացման կարիք կա. անհրաժեշտ է ոչ թե առձեռն վճարել, այլ բանկային հաշվին: Անհրաժեշտ է լուծել նաեւ թոշակների եւ նպաստների ոչ կանխիկ վճարման ժամանակ առաջացող ձգձգումները»,- հավելեց Կարապետյանը: Այս նպատակով նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց մինչեւ դեկտեմբերի 30-ը ուսումնասիրել, թե ինչպես են սոցապահովության մարմինները տվյալները փոխանակում այլ գերատեսչությունների հետ, եւ արդյոք այստեղ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում:




























