Հայաստանում ջուրը պահելու խնդիր կա: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանի տարածքով անցնում է 8 մլրդ խորանարդ մետր ջուր: «Այս 8 մլրդ խոր. մետրից մենք ի վիճակի ենք պահել միայն 1,2-1,3 մլրդ խոր. մետրը: 1 խոր. մետր չափով ջուր պահելու համար ջրամբարի կառուցումը միջին հաշվարկով 2 դոլար արժե: Այսօր մենք ջրամբար ենք կառուցում Վեդիիում, որի բյուջեն կազմում է 58,4 մլն եվրո»,- նշեց Հարությունյանը՝ շարունակելով, որ Թուրքիան ջրամբար է կառուցում 1 մլրդ խոր. մետր ջուր պահելու համար: «Այսպիսի ջրամբարի կառուցման համար Թուրքիան 2 մլրդ եվրո է ծախսում: Մենք հիմա նման հնրավորություն չունենք: Այս պատճառով փոքր ջրամբարներից ենք սկսում, որ դրանց միջոցով կարողանանք գոնե առաջին քայլերը կատարել: Ավելին՝ մենք փորձում ենք այս ծրագրով պետության համար լրացուցիչ ծախսեր չստեղծել»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Նա պարզաբանեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն փորձում է այս նախագիծն իրականացնել մասնավոր ներդրումների միջոցով: «Եվ ջրամբարում հավաքած ջուրը մենք արդեն այդ մասնավոր ներդրողից կգնենք՝ որոշակի x ժամանակահատվածում, որից հետո ներդրողը կգնա, իսկ ջրամբարը կմնա պետությանը»,- հավելեց նա:




























