Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը եւ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը ստորագրել են պայմանագիր Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է Հայաստանի շուրջ 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը եւ ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:
Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազար տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը: Չգազաֆիկացված համայնքների համար մշակվել է խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որի հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը:




























