ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հաաստան» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ծրագրի ընթացքը, ամփոփվել փակված աղբանոցների մասին տվյալներ, ըստ որոնց՝ ՀՀ մարզերում, «բացի Երեւանից», գույքագրված 2029 աղբավայրերից փակվել է 1574-ը, իսկ 153-ը ենթակա են փակման:
Խոսելով աղբահանության եւ սանմաքրման կազմակերպման օրենսդրական դաշտից, Վաչե Տերտերյանն ընդգծել է իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման կարեւորությունը, տեղեկացրել, որ էական առաջընթաց կա այդ ուղղությամբ, ինչը կարեւոր պայման է հետագա գործընթացների համար: ՀՀ տարածքում գործող 515 հեղուկ վառելիքի եւ գազալցակայանների սանհանգույցների եւ մշտական խմելու ջրի առկայության ու վիճակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 429-ում վիճակը բավարար է, իսկ 86 տնտեսվարողներին հանձնարարվել է շատ կարճ ժամանակահատվածում դրանք բերել պատշաճ վիճակի: Խնդիրը բարձրաձայնվել էր նաեւ ԶԼՄ-ներով:
Զեկուցվել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից սեպտեմբերի 26-ի դրությամբ չսահմանված վայրերում աղբ թափելու 1857 դեպք է հայտնաբերվել, աղբ թափող 916 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1612-ը եւ շուրջ 425 միջնորդագիր ուղարկվել է ՏԻՄ մարմիններ: 246-ը դեռեւս կատարման ընթացքի մեջ են:
Հանձնաժողովը հաստատել է ՀՀ մարզերի եւ առանձին համայնքների կողմից ներկայացված աղբահանության եւ սանիտարական մաքրման գործողությունների ծրագրերը, հանձնաժողովի անդամներն էլ ներկայացրել են կատարված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով: Եվս մեկ անգամ կարեւորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է https://cleanarmenia.am/ կայքը: Այն հնարավորություն է տալիս հանրությանն իրազեկել ընթացիկ աշխատանքների մասին:




























