Մյանմարի իշխանությունները պետք է անվտանգություն եւ պաշտպանություն ապահովեն բոլոր համայնքների համար…

Մյանմարի իրավիճակն անհապաղ գործողություններ է պահանջում: Անհրաժեշտ է պաշտպանել խաղաղ բնակիչներին, մեղմել նրանց տառապանքը, վերացնել տեղի ունեցողի արմատական պատճառները եւ երկարաժամկետ լուծում գտնել: Մյանմարի իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստի անդամներին այսպես է դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Ես, ինչպես նախկինում, Մյանմարի իշխանություններին կոչ եմ անում 3 շտապ միջոցառում ձեռնարկել՝ առաջին հերթին դադարեցնել ռազմական գործողությունը, երկրորդ՝ հումանիտար օգնության ցուցաբերման համար անարգել հասանելիություն տրամադրել, երրորդ՝ անվտանգության պայմաններում ապահովել փախստականների վերադարձն իրենց հայրենի վայրեր»,- հայտարարել է ՄԱԿ ղեկավարը:

Նա հայտնել է, որ նվազագույնը կես միլիոն խաղաղ բնակիչներ լքել են իրենց տները եւ ապաստանել Բանգլադեշում: Նա նշել է, որ չնայած փախստականների ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց նրանց 94 տոկոսը ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներն են: 

Գուտերիշը հայտնել է, որ փախստականները պատմում են մարդու իրավունքների լրջագույն խախտումների մասին՝ հրազենի անկանոն կիրառման, հակահետեւակային արկերի օգտագործման եւ սեռական բռնության: 

Տեղեկություններ են ստացվում նաեւ գյուղերի հրկիզման եւ դիակապտության մասին: Մյանմարի իշխանությունների տվյալներով՝ 471 մուսուլմանական գյուղերից 176-ն ամբողջովին անբնակ են դարձել: ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ այս պարբերական բռնությունը դադարեցնելու անկարողությունը կարող է  հանգեցնել դրա տարածմանը: Իսկ դա հղի է եւս 250 հազար մուսուլմանների հարկադիր տեղահանմամբ:

Նա հայտարարել է, որ Մյանմարի իշխանությունները պետք է անվտանգություն եւ պաշտպանություն ապահովեն բոլոր համայնքների համար: