Պարտադիր 12-ամյա կրթությունը Հայաստանում չի նպաստի եզդիների շրջանում այն ստանալ ցանկացողների հոսքի աճին։ Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին ասել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը։

Նրա խոսքով՝ հարյուրամյակներ շարունակ եզդի ժողովուրդը ստիպված է եղել պայքարել ինքնաբավ մնալու համար եւ պարբերաբար ընկնելով իսլամական կամ քրիստոնեական մշակույթների ազդեցության տակ՝ չի ցանկացել ստանալ այն կրթությունը, որը պարտադրվել է։ «Մենք կրոնի մասին մեր պատկերացումներն ունեինք։ Եվ մենք համաձայն չէինք մեզ դրսից պարտադրված պատկերացումներին։ Այդ պատճառով մեր մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով մեզ արգելել են Ղուրան եւ Աստվածաշունչ կարդալ, որոնք նախախորհրդային տարիներին դպրոցներում պարտադիր ուսուցման առարկաներ էին»,– ասաց Թամոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող եզդիների թիվը զգալի մեծացել է՝ նախորդ տարիների համեմատ։ Սակայն դրանց թիվը ընդամենը մի քանի տասնյակ է կազմում։ Նրա կարծիքով դրանում պետության մեղքը չկա, քանի որ այն արել է իր ուժերի ներածին չափով ամեն բան, որպեսզի պահպանի եզդիական մշակույթն ու լեզուն։ Թամոյանի կարծիքով դրանում ամբողջովին մեղավոր է համայնքը՝ ի դեմս նրա ներկայացուցիչների։