Բրիտանիան Եվրոպայի հավատարիմ պաշտպանն է՝ չնայած Եվրամիության կազմից դուրս գալուն։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ դիմելով Էստոնիայում ծառայող ՆԱՏՕ–ի զորքերին եւ նշելով, որ իրենք պատրաստ են պատասխանել հարեւան Ռուսաստանից եկող ցանկացած սպառնալիքի, փոխանցում է PRESS ASSOCIATION–ը։

«Թեպետ մենք դուրս ենք գալիս ԵՄ–ից, մենք չենք լքում Եվրոպան։ Այդ պատճառով Միացյալ թագավորությունը անշեղորեն հավատարիմ է մնում Եվրոպայում անվտանգության ապահովմանը»,– ասել է Մեյը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի շարունակական ագրեսիան աճող սպառնալիք է էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում իրենց բարեկամների համար։ «Մեր եվրոպացի հարեւանների անվտանգությունն ու բարգավաճումը պաշտպանելու մեր վճռականությունն անսասան է»,– ասել է Մեյը եւ ընդգծել, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել ԵՄ անդամ երկրներին, որոնք զինված ագրեսիայի, ահաբեկչության կամ տարերային աղետների զոհ են դարձել։