Գերմանիայի ռազմական հակահետախուզական ծառայությունը ստուգում է բունդեսվերի շարքերում աջ ծայրահեղական տրամադրությունների հնարավոր 391 դեպքերը։ Այդ մասին է վկայում Ձախերի կուսակցության խորհրդարանական հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի ՊՆ արած հայտարարությունը։

Փաստաթղթում ասվում է, որ 2017 թվականին գրանցվել է հնարավոր ծայրահեղ աջակողմյան տրամադրությունների  286 նոր դեպք։ Երեք դեպքերում կասկածները հաստատվել են։

Ձախերի խմբակցության՝ ներքին քաղաքական հարցերով մասնագետ Ուլլա Յելփկեն քննադատել է բունդեսվերում աջ ծայրահեղականության խնդրի նկատմամբ վերաբերմունքը։ «Ինչ վերաբերում է նեոնացիստներին եւ ռեյխսբյուրգերներին, ապա նրանց նկատմամբ ոչ մի ներողամտություն լինել չի կարող։ Նրանք պետք է անհապաղ հեռացվեն բանակից»,– վստահ է նա։

Պատգամավորը նշել է, որ աջակողմյան ծայրահեղականները, որոնք զենքի հասանելիություն ունեն, դանդաղ գործող ռումբ են իրականում։ Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց պետք է զրկել զենքից, հավելել է նա։