Հոկտեմբերի 14-ին Երեւանը եւ նրա բնակիչները կտոնեն քաղաքի 2799-ամյակը: Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ այս տարի տոնական միջոցառումների կարգախոսն է «Երեւան՝ սիրո քաղաք»: «Տոնակատարության 4 հիմնական բաղակացուցիչներն են՝ «Նայիր Երեւանին», «Լսիր Երեւանին», «Զգա Երեւանը» եւ «Սիրիր Երեւանը»:
«Մեկ նկար իմ Երեւանին» միջոցառման շրջանակում Սարյանի պուրակում ժամը 11:30-ից մինչեւ 17:00-ն հրավիրված նկարիչները, փոխքաղաքապետի խոսքով, նկար կնկարեն եւ օրվա վերջին կնվիրեն քաղաքապետարանին ու Երեւանի Պատմության թանգարանին: ««Խելացի Երեւան» միջոցառումը կմեկնարկի ժամը 15:00-ին Կասկադում՝ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ: Միջոցառման շրջանակում պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու գաղափարները: 14:30-ից մինչեւ 22:30-ը «Սիրով իմ Երեւանին» ֆլեշմոբ կանցկացվի»,- նշեց Սուքիասյանը՝ շարունակելով, որ Էրեբունի փողոցում այդ օրը ժամը 16:00-ից մինչեւ 19:00-ն ժողովրդական արվեստի, ազգային խաղերի, հանդերձների, խոհանոցի տոնական միջոցառում կանցկացվի: «Ժամը 16:00-ից մինչեւ 22:00-ն Կարապի լճում «Մեր սիրո քաղաքը» լուսանկարների համար տաղավար կգործի: Ազնավուրի հրապարակում ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն տեղի կունենա ջազի երեկո: Միսաք Մանուշյանի պուրակում 18:30-00:00-ն տեղի կունենա «Գրքի գիշեր» միջոցառումը, Կոնսերվատորիայի դիմաց՝ դասական երաժշտության համերգ, իսկ Ազատության հրապարակում՝ ռոք համերգ: Ժամը 22:00-ից Ազատության հրապարակում կմեկնարկի երիտասարդական դիսքոթեք, եւ միջոցառումները կավարտվեն տոնական հրավառությամբ»,- ասաց Արամ Սուքիասյանը:
Ծախսերի վերաբերյալ հարցին փոխքաղաքապետը պատասխանեց, որ անցյալ տարի նախատեսված էր 130 մլն դրամ, ծախսվել է 70 մլն դրամ: «Այս տարի տոնական միջոցառումների համար նախատեսված է 80 մլն դրամ: Մրցույթ է հայտարարվել: Կարծում եմ, որ ծախսերի համար պետական բյուջեից հատկացումը 60 մլն դրամը չի անցնի: Մենք նախընտրել ենք այս տարի եւս խնայողություն անել՝ խուսափելով Հանրապետության հրապարակում համերգից»,- հավելեց Արամ Սուքիասյանը:




























