Խնդիրը մեր մեջ է. հայ մայրերից շատ-շատերը այսօր փախչում են հայերենից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի առանձին հայեցակարգ ընդունել խնդրին:
Նրա խոսքով, իսկապես լեզվի հարցում վտանգներ կան, բայց այդ վտանգը ընդունված տեղերից է. «Այսօր Ամերիկան պետական լեզու է հռչակում իսպաներենը անգլերենի կողմին, որովհետեւ մեծ է հոսքը լատինական Ամերիկայից: Դեմոկրատական երկրներն այսօր հեշտությամբ երկրորդ կամ երրորդ լեզուն դարձնում են պետական, բայց դա ոչինչ չի նշանակում, դա նշանակում է ավելի շատ ջանք պետք է գործադրել լեզուն պահպանելու համար, եթե դրա անհրաժեշտությունը կա: Իսկ եթե չկա՝ ինքնըստինքյան լեզուն զորավոր է, ինքն իրեն կպահի, ինչի՞ պետք է վախենա ուրիշ լեզուն դարձնել պետական»:
Մանսուրյանի խոսքով, մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ, որ մենք տեր կանգնենք մեր լեզվին. «Իսկ ես գիտեմ, որ մեր ծնողներից, հայ մայրերից շատերը փախչում են մայրենիից, այ, խնդիրը դա է: Այդ հարցը լուծելն է խնդիրը, ոչ թե ռուսաց լեզվի, անգլերեն լեզվի, չինարեն լեզվի դեմը փակելը»:
Նրա խոսքով՝ լեզու պետք է իմանալ, անկախ այն բանից՝ դա օրինական է, թե անօրինական, պետական, թե ոչ պետական. «Մենք մշտապես կապերի ժողովուրդ ենք, քաղաքակրթության հետ հազարամյակներով տարածել ենք, մեկից տվել ենք մյուսին, մասնակցել ենք քաղաքակրթական աշխարհի կյանքին, ուրեմն լեզուն մեզ համար խորթ, օտար երեւույթ չէ, խնդիրը նախեւառաջ, ինքներս մեզ պահելն է»:
Տիգրան Մանսուրյանը ցավով նկատեց, որ Թբիլիսիում բազմաթիվ հայկական դպրոցներ են փակվել, որովհետեւ ծնողները չէին ուզում երեխաներին ուղարկել հայկական դպրոց. «Եվ այդպես շատ-շատ քաղաքներում, որովհետեւ, մի տեսակ «որտեղ հաց, այնտեղ կաց» գաղափարով են ապրում»:
«Ես Բեյրութում եմ ծնվել, լեզուն մեր ընտանիքում սրբություն էր, դա չէր քննարկվում: Լեզուն պետք է լինի, նախ եւ առաջ, հայերեն, հետո նոր այլ լեզուներ: Մայրս անգլերեն էր խոսում, հայրս անգլերեն էր խոսում, երբ եկանք այստեղ: Իրենց զավակները սովորեցին հայերեն, եւ մենք մնացինք հայերենի զավակ, հայերենի ընտանիք: Խնդիրը սա է: Մեր խնդիրը սա է, ոչ թե այս կամ այն լեզվի դեմ ճանապարհը փակելը»,-ընդգծեց կոմպոզիտորը:




























