Սա պետք է լիներ պետականության կայացման առաջին օրերին, թե ինչու առաջին հանրապետությունը փլուզվեց, ովքեր էին դրա ջատագովները, ում ջանքերով դա եղավ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով Թումանյանի թանգարանում բացված, ապա արգելված «Խավարումը» ցուցահանդեսին, որը նվիրված էր ստալինյան ռեպրեսիաների զոհերի հիշատակին:

«Թումանյանի ծննդյան օրը, դեռ այն ժամանակ, չեմ հիշում որ թիվն էր, մեր գրչի մեծերը, մեր մշակույթի մեծերը նույն դպրոցական, դասարանական շարադրանքն էին ներկայացնում, թե Անուշն այսպես եղավ, Թումանյանն այսպես մեծ է: Ես ասացի՝ եղբար, էլի այս խոսակցություննե՞րը, որ եղել են դպրոցական հանդիսությունների մակարդակով։ Բա չասե՞նք, Թումանյանը, Չարենցը՝ քո շարունակությունը, 40 տարեկանում բանտում զոհվեց, քո Սեւակը, անհասկանալի է՝ ինչու 46-47 տարեկանում այդպես անհասկանալի ձեւով գնաց: Բա չասե՞նք Թումանյանի օրը, այս գիտակցությունը չվերադարձնե՞նք, որ մաքրվենք այս ցավից, չէ՞»,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

Նրա խոսքով՝ դա չեղավ, մենք թաքցրինք, հիմա էլ աշխատում ենք թաքցնել. «Ես հարգում եմ այն մարդկանց, որոնք խորհրդային իշխանության տարիների մեր ձեռքբերումները գնահատել գիտեն եւ չեն ուզում այս գնահատականը մերժել: Հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է ասվի: Հարգելով այս մարդկանց ձեռքբերումները՝ կան այդպիսի մարդիկ, ես նրանց չեմ կարող մեղադրել, էլի հայ են, էլի մենք ենք, էլի միասին ենք, բայց ցավից պետք է ազատվել, այո: Իհարկե քիչ չեն եղել պատեհապաշտների այդ արարքները, ստոր արարքները: Բա Չարենցի պես մարդուն կտանեն այդպես ոռնալով վերջը կդնե՞ն: Այնպես չէ, որ ուրիշ ազգերի մեծերի մեջ չեն եղել այդպիսի բաներ: Սա մարդկային ցավ է: Մեզ էլ է հասել այդ ցավը, մենք էլ պիտի ցավենք, ոչ միայն այդպես տուն-թանգարան սարքելով, այլ նաեւ գիտակցելով, որ մենք հանցանք ենք գործել, եւ դա պետք է բարձրաձայնվի»:

Կոմպոզիտորի խոսքով, Թումանյանի անվան թանգարանի տնօրենը՝ Նարինե Թուխիկյանը, լավ աշխատանք է անում, շուտ պետք է նման ցուցահանդես կազմակերպվեր:

«Այսօր, երբ մենք ունենք Արցախի հարց, ունենք ահավոր լարված ժամանակաշրջան, շատ լուրջ հոգսերով՝ տնտեսական, էմիգրացիոն, պատերազմական եւ այլն, եւ այլն: Հսկայական հոգսերի մեջ սա պետք է մաքրված լիներ: Սա պիտի այսօր չլիներ, բայց եթե համընկել է, թող լինի ու անցնի»,-ընդգծեց Տիգրան Մանսուրյանը: