ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման եւ խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Հանրապետության նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են ԱՄԷ-ի հետ համագործակցության ներուժ ունեցող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները:
Նշելով, որ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, եւ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Ծոցի տարածաշրջանի երկրների եւ հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որտեղ շատ լավ ճանաչում են հայերին եւ նրանց գործարար ունակությունները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, իսկ տնտեսական հարաբերութունների բնագավառում քաղաքական երկխոսությունն ունի վճռական նշանակություն: Ինքնին քաղաքական երկխոսությունը չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման, բայց համապատասխան աշխատանքի պարագայում ներուժն ուղղակի շատ է մեծանում: Իհարկե, մենք հստակ պետք է նշենք այն հաջողությունները, որ ունեցանք Էմիրությունների հետ մեր հարաբերությունների վերջին երկու տարիների ընթացքում, եւ 2017թ. արդյունքները՝ գոնե հունվար-հուլիս ամիսների համեմատությունն անցած տարվա հունվար-հուլիսի առեւտրաշրջանառության հետ, մեզ ուղղակի լավատեսություն են ներշնչում. այդ ծավալն ավելացել է 2.5 անգամ: Մեծ հնարավորություններ կան համագործակցելու արդյունաբերության, ոսկերչության եւ հատկապես սննդի արտադրության ոլորտներում: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ ներուժ ունենք զբոսաշրջությունը զարգացնելու: Տեսեք՝ մենք վերացրեցինք մուտքի արտոնագրի պահանջը ԱՄԷ քաղաքացիների համար եւ ունենք երկու էմիրաթական ընկերություններ, որոնք կանոնավոր թռիչքներ են իրականացնում: Պետք է նկատել, որ տոմսերի արժեքը եւս ընկալելի եւ ընդունելի է: Այս տարի Հայաստան են այցելել տասը հազար ֆիլիպինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր աշխատում են Էմիրաթներում: Մենք ուղղակի հնարավորություն ունենք հարյուր հազարավոր այդպիսի զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս հնարավորություններն օգտագործենք:
Ես կարեւորում եմ ս.թ. մարտին անցկացված մեր ներդրումային համաժողովը Աբու Դաբիում եւ կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական: Այո՛, մենք պետք է ջանքեր գործադրենք Հայաստանը ներկայացնելու այնտեղ, մենք նաեւ պարտավոր ենք մասնակցել այնտեղ անցկացվող խոշոր միջոցառումներին: Սրանք ուղղակի պարտադիր եւ նվազագույն պայմաններն են, որ մեզ հնարավորություն կտան ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները Էմիրաթների հետ: Ես ուզում եմ, որ բոլորս հստակ գիտակցենք՝ Էմիրաթները սոսկ մի պետություն չէ, որի հետ մենք ցանկանում ենք հարաբերություններ խորացնել: Էմիրաթները այն պետությունն է, որը Ծոցի երկրների համար ունի շատ մեծ նշանակություն: Այսինքն՝ էմիրաթները սնում են նաեւ բազմաթիվ շուկաներ այդ երկրներում: Սա մի հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ էմիրաթցիները շատ բարձր են գնահատում Հայաստանի հնարավորությունները՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք մեկ-մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկել, եռապատկել մեր ապրանքաշրջանառությունը:
Հույս ունեմ, որ տեսանելի ապագայում մենք դարձյալ կունենանք բարձր մակարդակի երկխոսություն՝ լինի դա Հայաստանում, թե Էմիրաթներում, քանի որ եւ՛ գործարար աշխարհում, եւ՛ քաղաքական ղեկավարության մոտ կա այդ պատրաստակամությունը: Մենք ունենք այդ հնարավորությունները»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության արդյունքներով շահագրգիռ նախարարություններին եւ գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:





























