WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է աշխարհի առաջին համացանցային պատերազմը։ Այս մասին նա գրել է իր Twitter միկրոբլոգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ասանժը նշել է, որ Կատալոնիայի քաղաքացիներն ու կառավարությունը համացանցն օգտագործում են անկախացման մասին հանրաքվեի կազմակերպման համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնելով հեռահաղորդակցության ցանցերը, գրավելով կապի շենքերը ու գրաքննության ենթարկելով հարյուրավոր կայքեր։

WikiLeaks-ի հիմնադրի խոսքով՝ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները  մարդկանց ու պետության միջեւ ամենազանգվածային հակամարտությունն է Արեւմուտքում՝ Բեռլինի պատի անկումից հետո։

«Ես մեր բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում օգնել հայտնաբերել ու շրջանցել Քաղաքացիական գվարդիայի ու Ազգային հետախուզական կենտրոնի կողմից կիրառվող պրակտիկաները, որոնք օգտագործվում են Կատալոնիայի մամուլի, ընտրողների ու կառավարության ապօրինի գրաքննության համար»,- եզրակացրել է Ասանժը։

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին անկախացման մասին հանրաքվե անցկացնել, որը Մադրիդը ապօրինի է համարում։