Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ  Եգիպտոսի Արաբական Հանրապետության  ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն  այսօր փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարեւորությունը եւ նշել, որ անհրաժեշտ է ճիշտ եւ թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության  ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:

Նախարար Կարայանն առաջարկել է համատեղ ներդրումային ծրագրեր մշակել՝ համադրելով երկու երկրների առավելությունները եւ արտոնյալ շուկաները:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է Եգիպտոսի եւ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների միջեւ համագործակցությունը: Մասնավորապես եգիպտական պատվիրակության կազմում գտնվող Սուեզի ազատ տնտեսական գոտու պատասխանատուների հետ առավել մանրամասն կքննարկվի համագործակցության հեռանկարը:

Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առեւտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն  առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջեւ:

Կողմերն անդրադարձել են նաեւ լոգիստիկ ընկերությունների միջեւ փոխգործակցությանը:

Երկու նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ մշտական կապի եւ երկխոսության միջոցով խթանելու Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տնտեսական փոխգործակցությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ  Եգիպտոսի Արաբական Հանրապետության  ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրնը ելույթներով ողջունել են հայ-եգիպտական գործարար համաժողովի մասնակիցներին: