Եթե մի քանի տարի տարեցներին մատուցվող ծառայությունների ժամանակ շեշտը դրվում էր միայն խնամքի ծառայությունների վրա, այսինքն՝ առանց տարեցի կարիքը հաշվի առնելու, ապա այժմ անցում ենք կատարում առողջ եւ ակտիվ ծերացման, նրանց սոցիալական կյանք ներառելուն, նրանց կարիքների գնահատման հիման վրա մատուցվող այլընտրանքային ծառայությունների տրամադրմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Տարեցների միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը:

Նրա խոսքով, այդ ծառայությունների մատուցման համար գործելու են խորհրդային տարիներից ժառանգած տուն-ինտերնատները, սակայն դրանք զարգացվելու են, համապատասխանեցնելով նոր պայմաններին։

Անդրադառնալով սոցիալական աշխատողի աշխատանքի արդյունավետության հարցին, Անահիտ Գեւորգյանը նշեց, որ սոցիալական ծառայողի ինստիտուտը ոչ միայն չի սպառել իրեն, այլ կարիք ունի զարգանալու, քանի որ այն ունի միայն 24 տարվա պատմություն եւ փնտրտուքի ու կայացման փուլում է։ Իսկ եթե վերցվի սոցիալական ծառայության ինստիտուտը, ապա Երեւանում 1500, մարզերում 2200 մարդ կզրկվի սոցիալական աշխատողի խնամակալության ներքո գտնվելու հնարավորությունից։

«Այս տարի ներդրվել է դեպք վարողի ինստիտուտը, որի շրջանակներում Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության եւ այլ գերատեսչությունների միջեւ կնքվել է համաձայնագրեր, որով հայտնաբերվելու է կարիքավոր տարեցը սոցիալական աշխատաղի կողմից, բայց միաժամանակ գտնվելու է կրթության եւ գիտության, առողջապահության, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների ուշադրության կենտրոնում»,-ասաց նա։

Խոսելով սոցիալական աշխատողի աշխատավարձի մասին, նա նշեց, որ նախատեսվում է դեպք վարողներին համապատասխան ռեսուրսներով ապահովում, քանի որ դեպք վարողը չի կարող իր աշխատավարձով առանց տրանսպորտային միջոցների, համակարգչային տեխնիկայի եւ այլնի այցելել համայնքներ։

Հիշեցնենք, որ 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Տարեցների միջազգային օր։