Ո՛չ ես, ո՛չ վարչապետը չենք ցանկանում գնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքը: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ համացանցի կառավարման ArmIGF – 2017 համաժողովի շրջանակում: Տրանսպորտի նախարարության նախկին շենքը աճուրդի է դրվել, սակայն ոչ մի հայտ չի ներկայացվել: «Խոսակցություններ սկսվեցին, որ հայտերը հատուկ են զսպում, որպեսզի գինն իջեցնեն, սա իրականաությանը չի համապատասխանում: Հաջորդ աճուրդներին շենքը վաճառքի կներկայացվի նույն մեկնարկային գնով»,- հավաստիացրեց նախարարը:
Հիշեցնենք, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախկին շենքը, որը Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի մասն է, աճուրդի է դրվել: Գերատեսչությանը նոր շենք են տրամադրել ներկայիս կառավարության մասնաշենքում՝ ԱԳՆ-ի, Սփյուռքի նախարարության եւ Գիտության պետական կոմիտեի կողքին:




























