Այժմ «Ելք» դաշինքի նպատակն է ամեն գնով խորհրդարանի օրակարգում պահել Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու հարցը: Այս մասին հոկտեմբերի 3-ի Ազգային  ժողովի նիստում հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ ընդդիմադիրներն առաջարկել են քննարկել եվրասիական ինտեգրման նպատակահարմարությունը ոչ թե մշտական, այլ ժամանակավոր ​​հանձնաժողովի շրջանակներում: «Մշտական հանձնաժողովն ունի հարցի քննարկման ժամկետ, իսկ ժամանակավորը կարող է աշխատել  6 ամիս: Ակնհայտ է, որ խորհրդարանի ներկայիս կազմի պատգամավորների 99 տոկոսը չի ընդունի այդպիսի որոշում: Այդ իսկ պատճառով  «Ելք» դաշինքի խնդիրն է հնարավորինս երկար պահել այդ հարցի քննարկումը եւ ավելի շատ հնարավորություն ունենալ իրենց դիրքորոշումը նորից եւ նորից կրկնելու համար»,-ավելացրել է Աշոտյանը: