Պետք չէ Հայաստանով անկացնել Ռուսաստան-Արեւմուտք ճակատի գիծը: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Նա իր ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց ձեռնպահ մնալ մյուս երկրներին արհամարհելուց: Այլապես մյուս երկրների մոտ էլ կարող է գայթակղություն առաջանալ նույնկերպ արտահայտվել Հայաստանի մասին: «Եվ ընդհանրապես պետք չէ Հայաստանը ներկայացնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայքարի ասպարեզ: Երկրները, որոնցով անցել են այս դիմակայության խրամատները, ոչ մի լավ բան չեն ստացել, իսկ օրինակների համար հեռուն գնալու կարիք չկա: Մենք Եվրասիական միության տարածքում կկարողանանք եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցել, եթե այդ արժեքները մեր մեջ կրենք»,- հավելեց Աշոտյանը: