ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից  նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները:

Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց եւ հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գեւորգյանի (Արմավիրի մարզ),  Թամարա Ասլանյանի (ք. Երեւան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ),   Ղեւոնդ Դավթյանի (Շիրակի մարզ)  եւ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (ք. Երեւան), արտադրական գործունեություննները:

Ծառայության մասնագետները կասեցրել են նաեւ Արմավիր մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Խաչատրյանին պատկանող եւ Լոռու մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Մելիքսեթյանին պատկանող հանրային սննդի երկու կետերի գործունեությունները, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր Բաբկեն Բդոյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը Շիրակի մարզում: Նշված բոլոր տնտեսվարողների մոտ արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, նաեւ՝ հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն ունեցել սանիտարական անձնագրեր:

Ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտանբերել նաեւ «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում եւ կասեցրել մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը: Մանկապարտեզը, մասնավորապես, ապահովված չի եղել հոսող սառը եւ տաք ջրով, սառնարանային սարքավորումներով, հանդերձարանով,  վարչատնտեսական, կենցաղային եւ օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից, կենդանական ծագման սննդամթերքն ընդունվել է առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի. խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը: