Անտառների մոտ գտնվող գյուղաբնակները կարող են անտառից անվճար մինչեւ 8 խորանարդ մետր փայտ տանել: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության ժամին այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ սա կառավարության որոշումներից մեկն է գյուղացիներին եւ նրանց կենսական պահանջմունքներին օգնելու համար: Եթե այս մարդիկ ցանկանում են տաքանալ, նրանք դրա իրավունքն ունեն: Իսկ եթե ինչ-որ մեկը անտառահատում է կատարում վաճառելու համար, այս դեպքում վերաբերմունքն այլ է: «Հայաստանն անտառ քիչ ունի, եւ մենք այն խնայում ենք: Իսկ ստվերային բիզնեսը, դրանից դժգոհ, փորձում է գյուղացիների դժգոհությունը հրահրել եւ նրանց փողոց հանել: Սա անթույլատրելի է»,- ասաց Մինասյանը:

Նա միաժամանակ նշեց, որ «Դիլիջան» ազգային պարկում, որպես հատուկ պահպանվող գոտի, ծառահատումն ընդհանրապես արգելված է, կարելի հավաքել միայն չորացած ոստերը: Դրա համար պետք է խորանարդի համար 5400 դրամ վճարել: «Եթե գները նվազեցնենք, ապա մարդկանց սխալ ազդանշան կտանք այն մասին, որ փայտը հասանելի է, եւ կարելի է որքան ուզենան ծառ կտրել: Մինչդեռ չի կարելի ծառահատում կատարել»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: