Պետական եկամուտների կոմիտեն, տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումներին համահունչ, շարունակում է քաղաքացիների եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հարմարավետ, թափանցիկ եւ մատչելի ծառայություններ մատուցել:

ՊԵԿ–ից NEWS.amճ-ին հայտնում են, որ դեռ 2013թ.-ից «Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ՊԵԿ-ը մշակել եւ ներդրել է մաքսային գործառնություններն ու ընթացակարգերն ավտոմատացնող էլեկտրոնային համակարգեր:

«Պետական կառավարման ոլորտում «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն արտաքին տնտեսական գործունեության եւ արտաքին առեւտրի ընթացակարգերը դյուրացնող առավել արդյունավետ գործիքներից է, որը տարածված է զարգացած երկրներում»,-տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:

Ըստ նրա՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այսուհետ կարող է միայն մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել որեւէ պետական մարմնի, քանի որ այս հարթակն էլեկտրոնային փոխգործակցություն է ապահովում պետական մարմինների միջեւ. «Արդյունքում արտահանում եւ ներմուծում իրականացնողները կարողանում են կենտրոնանալ բիզնեսի կազմակերպման վրա՝ հավաստագրերի, թույլտվությունների, տարբեր փաստաթղթերի ստացման վրա ժամանակ եւ ֆիանսական ռեսուրսներ ծախսելու փոխարեն»:

«ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» հարթակում արդեն 20 համակարգ է ներդրված: Մի մասն ուղղված է մաքսային մարմնի եւ գործարարների էլեկտրոնային փոխգործակցությանը: Այդպիսին են ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի, ապրանքների դասակարգման նախնական որոշման, փոստային առաքանիների հաշվառման համակարգերը: Մյուս մասը վերաբերում է արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող մաքսային մարմինների, այլ գերատեսչությունների եւ գործարարների կողմից շահագործվող թույլատրող փաստաթղթերի էլեկտրոնային տրամադրմանը, օրինակ՝ առողջապահության նախարարության հավաստագիրը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագիրը, ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրերի տրամադրման համակարգը:

«Միասնական հարթակի գործարկման արդյունքի գնահատումը ցույց է տալիս, որ էլեկտրոնային արդիական համակարգերի ներդրման շնորհիվ բարելավվում է տրամադրվող տեղեկատվության եւ ծառայությունների որակը, ստեղծվում արտաքին տնտեսական գործունության իրականացման բարենպաստ միջավայր, ապահովվում բարձր արդյունավետություն եւ ծախսերի կրճատում»,-նշել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ պարզեցվել եւ արագացվել է նաեւ սահմանային անցումային կետերով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը: Կոմիտեի ՏՏ վարչության պետն ընդգծել է, որ «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» հարթակը բարձր գնահատականների է արժանացել միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի եւ հետազոտությունների արդյունքում. «Գրանցված ձեռքբերումները նպաստում են նոր գաղափարների իրագործմանը՝ միտված քաղաքացիների եւ պետական կառավարման մարմնի միջեւ առավել արդյունավետ, գործընկերային եւ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:

«ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» հարթակի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով: Առաջին փուլում ապահովվում է պետական գերատեսչությունների միջեւ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը, երկրորդ փուլում՝ պետական մարմնի եւ առեւտրային կազմակերպությունների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, փոխադրող կազմակերպությունների միջեւ համագործակցությունը:

Երրորդ փուլում երկու երկրների միջեւ նախնական տեղեկատվության փոխանակման շնորհիվ կազմակերպվելու է սահմանահատման սահուն գործընթաց՝ ռիսկերի կառավարման համակարգի օգնությամբ իրականացնելով անտեսանելի հսկողություն: