Քնի մեջ մարդիկ հաճախ են ասում «ոչ», դիմում անտեսանելի զրուցակցին եւ հայհոյում, իսկ այ քաղաքավարի բառեր շատ հազվադեպ են հնչում, բացահայտել են ֆրանսիացի քնաբանները։ Քնած մարդկանց խոսքի վերլուծությունը հրապարակվել է Sleep ամսագրում, հաղորդում է Gazeta-ն։

Հետազոտության մասնակից է դարձել շաբաթական առնվազն մեկ անգամ քնի մեջ խոսող 232 կամավոր։ Մինչ նրանք քնած են եղել լաբորատորիայում, տեսախցիկները  նկարահանել են  նրանց վարքը, իսկ հատուկ սարքավորումը գրանցել է նրանց օրգանիզմի ցուցանիշները, այդ թվում՝ ուղեղի ակտիվությունը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 3349 բառ։ Ամենատարածված բառը եղել է «ոչ»-ը, այն հնչել է 5․3 տոկոս դեպքերում։ Տարատեսակ ժխտողական արտահայտություններ գրանցվել են 21․4 տոկոս դեպքերում, դրանց 90 տոկոսն ուղղված է եղել ինչ-որ մեկին։

Հետազոտության մասնակիցներն արտաբերել են ավելի քան 100 բարդ նախադասություն, 20 տոկոս դեպքերում դրանք հասցեատեր են ունեցել։ «Ես չգիտեմ։ Դու ոչինչ չես ասում։  Հեռացի՛ր, այլեւս քեզ տեսնել չեմ ուզում»։

«Խոսքի բարդությունը վկայում է այն մասին, որ թեեւ խոսակցական համակարգը փոքր ինչ թուլանում է, քնած ուղեղը շարունակում է ի վիճակի լինել բարդ գործընթացներ իրականացնել,»,-ասում են հետազոտողները։

Քնի լեզվական բաղադրիչը այդ պահին ուղեղում տեղի ունեցող իրադարձությունների մասին ինֆորմացիայի հարուստ աղբյուր է, նշում են գիտնականները։ Նրանք կարծում են, որ քնած մարդկանց խոսքի ուսումնասիրությունը շատ բան կարող է հայտնել ուղեղի աշխատանքի մասին։