Պոտսդամում՝ Հաֆել գետի ափին գտնվող լայնարձակ այգու կենտրոնում է գտնվում Բաբելսբերգ ամրոցը: Այն կառուցվել է 1833-1849 թվականներին որպես պրուսական, հետագայում՝ միացյալ Գերմանիայի կայզեր Վիլհելմի ամառանոցային նստավայր: Ի դեպ, լայն հանրությանը ավելի շատ հայտնի է նրա կանցլերը՝ Օտտո ֆոն Բիսմարկը:
Այժմ, միջնադարյան ոճով կառուցված դղյակը թանգարան է: Դրա հետ ծանոթացումը սկսվում է առաջին հարկում ոչ մեծ շինությունում դղյակի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Էքսկուրսանտներին թույլատրվում է այցելել դղյակի միայն երկրորդ հարկը, մնացածն առայժմ փակ են:
Անցնելով երկրորդ հարկի սենեկաշարքը՝ կարելի է ծանոթանալ լուսանկարների, հին կտավների, փորագրությունների հետ: Դրանց մի մասը դղյակի տերերի դիմանկաներն են, նրանց հայտնի բարեկամների, նաեւ ճարտարապետների եւ այդ համալիրը նախագծողների: Կեսդարյա հնության խամրած ակվարելների վրա տպված է այն ժամանակվա դղյակի ու այգու համայնապատկերը:
Ամենամեծ սրահի կենտրոնում տեղադրված է պաղպաղակի համար արծաթյա սպասքով ոչ մեծ կլոր սեղան: Պաղպաղակ կա, բաց որպես բուտաֆորիա: Մինչեւ հատակը հասնող մեծ պատուհաններից երեւում է այգին, նաեւ Հաֆել գետի ափը: Հեռվում նկատվում է այն հայտնի կամուրջը, որը պատմության մեջ մտել է «լրտեսների կամուրջ» անվամբ: Հիշեցնենք, որ այդ կամրջի վրա ժամանակին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ տեղի էր ունենում ձերբակալված լրտեսների փոխանակում:
Ի՞նչն է առանձնացնում «սովորական» աղյուսից պատրաստված այդ դղյակը: Շենքում չկան ոսկեզօծ պատերով ու առաստաղներով, բյուրեղապակյա հսկայական ջահերով եւ «ժողովրդի փողերի» այլ նյութական վատման ապացույցներով մեծ սրահներ: Դղյակի հարեւանությամբ կա երկու ոչ մեծ ցայտաղբյուր, որոնցից կամաչեին անգամ նորաթուխ նաբոբները: Այնպես որ ավանդական գերմանական խնայողականությունը, կամ այլ խոսքերով՝ տնտեսողությունը, ի հայտ է գալիս ամեն ինչում:
Դղյակից ոչ հեռու, գետի ափին երեւում է զանգվածային շինություն՝ նեղ, կլոր աշտարակով, որ հեռվից մինարթե է հիշեցնում: Բայց դա սովորական ջրամղիչ աշտարակ է՝ իր ժամանակին դղյակ խմելու ջուր մատակարարելու համար: Յուրահատուկ կոլորիտ են հաղորդում շինության անկյուններում դեկորատիվ բուրգիկները:
Եվ վերջում, մի ոչ պակաս կարեւոր մանրուք: Այգում չկան ծխախոտի մնացորդներ, պոլիէթիլենային տոպրակներ եւ քաղաքակրթության այլ «ատրիբուտներ»: Իդեալական մաքրությունը խոսում է շրջակա միջավայրի հանդեպ գերմանացիների վերաբերմունքի մասին:




























