Ամերիաբանկի թիմը բանկերի միջեւ անցկացվող ակտիվների եւ պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային  8-րդ մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում:

Բացի Ամերիաբանկից, եզրափակիչ փուլ դուրս է եկել եւս 3 ընկերություն՝  Bancop SA (Պարագվայ), Supervielle (Արգենտինա) եւ Ficohsa (Հոնդուրաս):

Մրցույթին մասնակցել է 30 բանկ  Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից:

Մրցույթը վերաբերում է բանկերում  ակտիվների եւ պարտավորությունների, ինչպես նաեւ ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային եւ նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Մրցույթը կազմակերպվել է SimArch Group-ի կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում եւ ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի եւ PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Նշենք, որ SimArch Group-ը դեռեւս 1999 թ-ից առաջարկում է նորարական եւ առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են՝ ABN AMRO,  ING, FirstRand, Dexia եւ այլն: