Զինված խմբի գործով ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի («Ապար») խափանման միջոցը առողջության հետ կապված փոխելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձաքննություն կիրականացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը:
Փաստաբանի խոսքով, հոկտեմբերի 2-ին միջգերատեսչական հանձնաժողովը դիմել է դատարանին, որ Էդվարդ Ներսիսյանին միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նեղ մասնագիտական հետազոտություններ՝ դրանց կատարումը հանձնարարելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Դատարանի կողմից գրություն է նախապատրաստվել, հասցեագրվել ուղեկցող գումարտակին եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին:
Այսօրվա դատական նիստում՝ ի պատասխան փաստաբանի հարցի, դատարանը հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հայտնել են, որ իրենք հիվանդ ընդունելու տեղ չունեն: Նման պայմաններում, նշեց Կարմեն Պողոսյանը, հաջորդ դատական նիստում հանդես կգա իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:
Կարմեն Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակից ելնելով` ցանկանում է միջնորդություն ներկայացնել դատարան` նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է նրա կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:




























