ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող եւ ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից եւ Արցախից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության, զարգացման ծրագրերի եւ դրանց իրագործման հարցում պետությունից աջակցության ակնկալիքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական ոլորտի խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների մասին:

Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում Նախագահին ներկայացրել են նաեւ գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների եւ կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները: