2018-ին սկսելու ենք գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված եւ անխոնջ աշխատանքի համար, եւ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց:
Մենք Ձեր օգնությամբ այսօր իրավիճակ փոխելու եւ մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու համար ամուր նախադրյալներ ստեղծելու հնարավորություն ունենք: Այդ նպատակով այս մեկ տարվա ընթացքում արդեն 6 նոր ծրագիր ենք մշակել, որոնք զարգացման հնարավորություններ են ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար` առաջարկելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրման շահավետ պայմաններ:
Ոլորտի առջեւ ծառացած շատ մարտահրավերներ կան, մեր երկրում գյուղատնտեսությունը խիստ կախված է բնակլիմայական պայմաններից, ինչի պատճառով էլ հողագործի նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները եւ հաճախ հուսահատության պատճառ է դառնում: Որպեսզի գյուղացին շարունակի մեծ նվիրումով մշակել իր հողը, մենք 2018 թվականին սկսելու ենք ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, ինչը դժվար, սակայն կարեւոր, այլընտրանք չունեցող ռեֆորմ է զարգացած եւ արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար:
Մենք շարժվում ենք զարգացման ճանապարհով՝ վստահությամբ, որ գյուղատնտեսությունը Հայաստանում աշխատանքի ճիշտ կազմակերպման եւ թիրախային աջակցության շնորհիվ հեռանկարային կարող է լինել եւ մի քանի տարի անց գյուղացիական տնտեսությունների համար կարելի է դարձնել շահավետ եւ եկամտաբեր, իսկ ներդրողների համար` գրավիչ ոլորտ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս տոնական օրվա առթիվ` մաղթելով առաջընթաց, գյուղոլորտում նոր, հավակնոտ եւ համարձակ ծրագրերի իրականացում, ամուր առողջություն, բարեկեցություն եւ բարձր տրամադրություն:




























